Ընդհանուր բնութագիր

Ակսել Բակունցը հայ արձակի հանճարեղ դեմքերից է, որը ցավալիորեն կարճ ապրեց՝ 38 տարի՝ զոհ գնալով ստալինյան բռնապետությանը։

Բակունցը արձակագիր էր, լրագրող, կինոսցենարիստ, թարգմանիչ, գյուղատնտես։

Բակունցի արձակը բանաստեղծական է ու կարծես միավորում է արվեստի տարբեր ճյուղերը՝ կերպարվեստը, երաժշտությունը, ճարտարապետությունը։

Ավ․ Իսահակյանն այդպես է ձևակերպել այդ յուրահատկությունը․  «Կոմիտասի երկերի և Սարյանի գույների մասին խոսում են որպես բառերով անթարգմանելի հրաշքների մասին։ Բայց դա այնքան էլ ճիշտ չէ։ Հայաստանում կա մի գրող, որի բառերը զրնգում են Կոմիտասյան շնչով և փայլատակում են Սարյանի կտավների գույներով։ Դա Ակսել Բակունցն է»:

Բակունցի ստեղծագործությունները պետք է կարդալ չշտապելով, պատկերն ու խորքն ըմբռնելով։ Բակունցը բացառիկ էր նաև որպես մարդ՝ ասպետական էությամբ, զգայուն, ազնիվ ու նուրբ հոգով, հավասարակշռված ու ազդեցիկ։

Բակունցի պատմվածքների հերոսները հիմնականում բնությանը ներդաշնակ, ազնիվ, ուժեղ մարդիկ են, որոնք լուռ տանում են իրենց բաժին բեռն ու ողբերգությունը։

Բակունցի լավագույն ստեղծագործություններն են՝

Նրա չքնաղ պատմվածքներից են՝ «Ալպիական մանուշակը», «Միրհավը», «Խոնարհ աղջիկը», «Նամակ ռուսաց թագավորին», «Լառ Մարգար», «Սպիտակ ձին», «Ծիրանի փողը» և այլն։

Իր կարճատև կյանքի ընթացքում հասցրեց հրապարակել պատմվածքների 4 ժողովածու («Մթնաձոր», «Սպիտակ ձին», «Սև ցելերի սերմնացանը», «Անձրև), «Կյորես» վիպակը ծննդավայր Գորիսի մասին, երկու անավարտ վեպ՝ «Խաչատուր Աբովյան» և «Կարմրաքար» և այլն։

Բակունցի դերը հանճարեղ է բնութագրել Չարենցը «Ա․ Բ․-ին» բանաստեղծությունում, որը գրել է 1936 թ․, երբ Բակունցն արդեն բանտարկված էր ու մեղադրվում էր ազգայնամոլության, հակահեղափոխականության ու, Աստված գիտի, էլ ինչ «մեղքերի» համար։

 

Ե՛վ բառերի համար քո մարմարյա,
Հնամենի, բուրյան, որպես մեր հին
Քարաքանդակ անդուռ մատուռների
Անջընջելի գրերն հնադարյան

Եվ մյուռոնի* նման սրբազնագույն
Քո երկերի մաքուր սկիհներում** պահված՝
Խորհուրդների համար մշտահըմա․․․․

․․․․Այս ամենի համար,— և քո եղերական
Տառապանքի համար, որ արդ կրկին
Վեհություն է խառնում քո անաղարտ երգին—
Ես քեզ պարզում եմ ձեռք եղբայրական…

 

 

* Մյուռոն -— անուշահոտ նյութերով ձիթապտղի յուղ, որ գործածվում է եկեղեցում՝ մկրտությունների ժամանակ

**սկիհ — եկեղեցական արծաթյա անոթ, որի մեջ լցնում են գինին: