Հետաքրքիր պատմություններ

Առաջին սեր և պատերազմ

1917 թ, երբ Ալեքսանդր Թևոսյան-Բակունցը  18 տարեկան էր, կամավորագրվում է, մեկնում ռազմաճակատ։

Մասնակցում է մի շարք կռիվների  և Սարդարապատի ճակատամարտին որպես շարքային զինվոր: Նա, ազդվելով պատերազմի արհավիրքներից, նոթատետրում գրում է իր «Աղոթքը»։ 

«Տե՛ր, հզոր ես, ավերը դադարեցրո՛ւ…թող վայելեմ Հերդայի սերը, ես դեռ գուրգուրանք եմ ուզում, ես ապրել ու վայելել եմ ուզում, ես ստեղծել եմ ուզում, իմ հոգին կերտել է ցանկանում:

Արյունը վայելք չէ, ավերը կերտվածք չէ՜, Տեր:

Տե՛ր, բոլորին իրենց Հերդաները տուր, հին պարտեզներում թող սիրո բառերը հնչվեն, թող երգեն առաջվա պես և ստեղծագործեն, նոր շենքեր կերտեն:

Թող կառուցեն, Տեր, թող հորինեն:

Արյունը հերիք եղավ, մոխիրը շա՛տ-շատ է…»։ 

Իսկ ո՞վ էր Հերդան։ 

Գաղտնիքը թաքնված է Ալեքսանդրի Ակսել անվանափոխվելու պատմության մեջ։ Բայց սկսենք սկզբից։

Գորիսի ակտիվ պատանիները  թատերական ինքնագործ խմբակ էին բացել նորակառույց դպրոցի շենքում։ Ալեքսանդրը միանում է խմբին, մասնակցում ներկայացումներին, իսկ  որոշ ժամանակ անց դառնում է խմբի ղեկավարը։Բայց մինչ այդ ձեռքը դիտավորյալ վնասում է, որպեսզի վիրակապելու պատրվակով մտերմանա բարի ու գեղեցիկ մի աղջկա՝ Թագուհի Սաֆրազբեկյանի հետ։ Մի անգամ Բակունցի առաջարկով բեմադրում են Բ․ Բյոռնսոնի «Նորապսակներ» պիեսը (1916), որի գլխավոր հերոսի՝ Ակսելի դերը խաղում է Ալեքսանդրը, իսկ նրա սիրած աղջկա՝ Հերդայի դերում Թագուհին էր։ Հենց այդ ժամանակ էլ Ալեքսանդրը որոշում է իրեն Ակսել կոչել։ Հետո նրանց ճանապարհները բաժանվում են, մնում է առաջին սիրո պայծառ հուշը և Ակսել անունը։

Ըստ Բակունցի ընկերոջ՝ Վաղարշակի Հովակիմյանի  և Թագուհի Սաֆրազբեկյանի հուշերի։

 Լոր գյուղում 

1916 թ․ Բակունցը՝ որպես ուսուցիչ, մեկնում է Սիսիանի հեռավոր Լոր գյուղ։

«Խոնարհ աղջիկը» չքնաղ պատմվածը, այդ շրջանի հուշերով է գրված։

Մեկ տասնամյակ անց Բակունցը կրկին Լոր գյուղ է գնում՝ այս անգամ որպես գավառի գլխավոր գյուղատնտես։

Լորը Համո Սահյանի ծննդավայրն է։ Այդ ժամանակ Համո Սահյանը 9 տարեկան էր։ Նա հետագայում հուշերում գրում է․ 

«Ես չեմ կարող վերարտադրել իմ այդ օրվա ապրումները։ Գրիչս անզոր է։ Միայն երկու բան լավ հիշում եմ․ մեկ այն, որ շենաթաղցիները նրան սիրով ընդունեցին ու տարան իրենց գյուղը, և մտածում էի, թե ինչ ուժ ունի Ալեքսանդր վարժապետը, որ նրան բոլորը սիրում ու մեծարում են։ Մեկ էլ այն, որ նախանձից պայթում ու արցունքից խեղդվում էի, թե ինչու նրա ձիու սանձը ես չեմ բռնել, այլ իմ ընկեր Համբարձումը․․․»

Տարիներ հետո Սահյանը պիտի կարդար «Ծիրանի տափը» պատմվածքը ու զարմանար՝ ո՞վ է Ակսել Բակունցը (գյուղում Ալեքսանդր վարժապետի գրական անունը չէին լսել), որ այդքան լավ գիտի իրենց գյուղերի պատմությունը։ Նույնը պիտի մտածեր նաև «Խոնարհ աղջիկը» կարդալիս։ Օրերից մի օր բացվում է գաղտնիքը, երբ Սահյանը Ակսել Բակունցի կենսագրության մեջ կարդում է նրա՝ Լոր գյուղում ուսուցչություն անելու մասին։

«Ի՞նչ իմանայի,-գրում է Համո Սահյանը,- որ Ալեքսանդր վարժապետը մի օր կդառնար Ակսել Բակունց, կքանդակեր իմ հայրենակիցների ազնիվ կերպարները և կավանդեր սերնդեսերունդ․․․

Ի՞նչ իմանայի, որ նա լույսի պես կշողար մեր գրականության երկնակամարում, կունենար ողբերգական մայրամուտ և հետո արևի պես կբարձրանար սարից, ինչպես բարձրանում է այսօր»:

 

Բակունցի կոմիտասյան երգերը

Մի օր Մահարին, Չարենց ու Բակունցը Զանգվի ձորում ուրախ ժամանցից հետո լուսաբացին գնում են Չարենցի համարը։ Բակունցը մնում է պաշտգամբում ու սկսում է Կոմիտաս երգել, իսկ մյուսները հոգնած քնում են։ Երբ Մահարին ու Չարենցը քնից հագեցած զարթնում են, տեսնում են, որ Բակունցը դեռ շարունակում է երգել կոմիտասյան իր անսպառ երգացանկի երգերը։

Ծովափի կինը «Ալպիական մանուշակում»

Բակունցի «Ալպիական մանուշակը» նվիրված է Չարենցի կնոջ՝ Արփենիկի հիշատակին։ Սակայն այն արտացոլում է Բակունցի հուշերը իր կյանքում հայտնված այլ կնոջ՝ Ժենյա Գյուզալյանի մասին։

Բակունցը Ժենյային առաջին անգամ տեսնում է Հանրային գրադարանում: Դա 1926 թվականին էր: Շուտով նրանց ծանոթությունը վերածվում է մտերմության։

«Ալպիական մանուշակ» պատմվածքը Բակունցն ընթերցել է Ժենյայի համար դեռևս ձեռագիր վիճակում: Պատմվածքի մի հատված իրական հիմք ունի: «…Ծովափին սև թավիշե գլխարկով կինը․․․․ խոստումի բառեր ասաց, աշխարհը թվաց լայնարձակ մի ծով, և սիրտը ձուլվեց ծովի հետ»։

1926 թվականի ամռանը Բակունցն ու Ժենյան միասին եղել են Բաթումում, և այդ դրվագը նրանց այն օրերի հուշն է…

Բակունցի մահից հետո Ժենյան ևս ողբերգական ճակատագիր ունեցավ։ 1939 թ․ նա ձերբակալվեց՝ մեղադրվելով հակապետական գործունեության համար և դատապարտվեց 10 տարվա ազատազրկման։ Ասում են, որ նա մահացել է բանտում, երբ 38 տարեկան էր։ Ըստ Հովիկ Չարխչյանի

Նամակ ռուսաց թագավորին

Բակունցի քեռու և Սերո Խանզադյանի հորաքրոջ սերը․ Բակունցի քեռու՝ Եգորի մասին լեգենդներ էին պատմում։ Եգորը նշանված է լինում Սերո Խանզադյանի հորաքրոջ՝ Մանուշակի հետ։ Մինչ հարսանիքը նրան բանակ են տանում։ Եգորը ցարական բանակի սպային գետնին է տապալում՝ իր ազգությունը վիրավորող արտահայտության համար («արմյաշկա» էր անվանել), և աքսորվում Սիբիր։ Այնտեղից Եգորը փախչում է Պարսկաստան։ Մանուշակին ամուսնացնում են ուրիշի հետ։ 10-11 տարի հետո Եգորը կարողանում է գալ Գորիս՝ Մանուշակին տանելու համար։ Մանուշակը, որ արդեն զավակներ ուներ, չի թողնում նրանց։ «Նամակ ռուսաց թագավորին» պատմվածքում Ակսել Բակունցը պատմում է իր քեռու՝ Եգորի մասին։ Ըստ Սերո Խանզադյանի հուշերի

Չարենցը Բակունցի ներկայությամբ քաշվում էր

   Բակունցը հավասարակշռված և պարկեշտ մարդ էր, հմայիչ տղամարդ։ Չէր սիրում գրական անպտուղ վեճերը։ Այդ մասին ասում էր․ «Գնեցինք ընկույզ, վաճառեցինք ընկույզ, իսկ օգուտը եղավ միայն չխկչխկոցը»։ Վախթանգ Անանյանը պատմում է, որ իր կազմակերպված բնավորությամբ հաճախ զսպում էր Չարենցի բռնկումները։ Ահա այդ մասին Համո Սահյանի հուշերից մի պատառիկ․ «Բակունցից ավելի հմայիչ մարդ ես չեմ հիշում այն ժամանակվա գրական շրջանակում: Մի ձգողական ուժ կար Բակունցի մեջ, որ քաշում էր դեպի իրեն: ․․․Նկատել էի նաև մի բան: Չարենցը, ծայրահեղորեն տրամադրության տեր մարդ, բորբոքուն ու անհավասարակշիռ, որ հաճախ հաշիվ չէր տալիս, թե իր հետ խոսողը կի՞ն է, տղամա՞րդ, բոլորովին այլ էր Բակունցի ներկայությամբ, քաշվում էր, զսպվում, նեղվում նույնիսկ: Եթե կարելի է ասել՝ Բակունցը դյուրամատչելի չէր անգամ Չարենցի համար, ո՜ւր մնաց՝ իմ ու ինձ նման երիտասարդների համար, որոնց աչքին Չարենցը և Բակունցը գրական կուռքեր էին»:

Բակունցի մոր դիմանկարները

1935 թ․ Բակունցների Գորիսի տուն է այցելում Մարտիրոս Սարյանը և նկարում Բակունցի մորը՝ զանգեզուրյան գեղեցիկ տարազով, որն այն ժամանակ ամենօրյա հագուստ էր։ Բակունցի մայրը մեծ դժվարությամբ է համաձայնվում մի քանի ժամ նստել անծանոթ տղամարդու առջև նկարվելու համար։ Դա անհարմար ու ամոթ բան էր համարում։ Բայց ի վերջո նրան ամուսինը համոզում է։

Մարիամ Ասլամազյան «Բակունցն ու իր մայրը»

Նկարչուհի Մարիամ Ասլամազյանը քրոջ հետ Գորիս է գնում 1935 թ։ Բակունցը, պատահաբար հանդիպելով նրանց, հրավիրում է իրենց տուն, ցույց է տալիս շրջակա տեսարժան վայրերը։Այդ օրերից հուշ է մնում Բակունցի ու մոր այս դիմանկարը։ Մի անգամ Մարիամը Բակունցին առաջարկում է միասին նկարվել, նա պատասխանում է․ «Մարիամ, իմ գլխին սև ամպեր են կուտակված, ես չեմ ուզում փոքր-ինչ ստվեր գցել ձեզ վրա։ Իմ սիրելիներ, դուք հեռու եք ամեն ինչից, հեռու էլ մնացեք»։ Մեկ տարի հետո պիտի ձերբակալեին Բակունցին՝ իբրև ազգայնամոլի ու հակահեղափոխականի․․․

  Անծանոթ մուրացկանը․ Բակունցի մայրը չի ճանաչում իր հարսին։

   Բակունցի կնոջը՝ Վարվառային ևս ձերբակալում և աքսորում են իբրև «ժողովրդի թշնամու» կողակցի։ Երբ 8 տարի անց Վարյան վերադառնում է Հայաստան, շտապում է Գորիս, որպեսզի ամուսնու ծնողների մոտ գտնի որդուն։ Նիհար, պատառոտված հագուստով Վարյան մոտենում է ամուսնու հայրական տանը։ Բոխչագյուլը՝ Բակունցի մայրը, այդ պահին ծառից խնձոր էր հավաքում։ Նա անծանոթուհուն հերթական մուրացկանի տեղ է դնում։ - Խնձո՞ր ես ուզում։ Կտամ, կեր ու գնա,- ասում է ծեր կինը։ Վարյան դողացող ձայնով ասում է, թե ով է ինքը։ Բոխչագյուլն անսպասելիությունից ընկնում է։ Վարյան այդպես էլ չի կարողանում սկեսուրին հայտնել, որ նրա որդին՝ Ակսելը, այլևս չկա։ Բոխչագյուլը մտածում էր, թե որդին աքսորված է, և մինչև մահը սպասում է որդու վերադարձին․․․

 

Բակունցը մոր՝ Բողչագյուլ մայրիկի հետ։

Մեծ բնապաշտը

Վախթանգ Անանյանը պատմում է․ «Երբեմն նստում էր դիմացս եւ խոսեցնում մեր սարերից, տավարածների կյանքից: Ու լսում էր թաքուն համակրանքով: Եվ ես զգում էի դա: -Քեզնից հողի հոտ եմ առնում,- մի օր ասաց ինձ կամաց, եւ ես թախիծ զգացի նրա աչքերում:- Ախ, ուրիշ բան չեմ ուզում, քեզ հետ ձիերից իջնեինք Իշխանասարի անմահական աղբյուրների մոտ, ծաղիկների վրա փռեինք մեր յափնջիները եւ չոքեինք, խմեինք քչքչացող զուլալ ջուրը… Արցունքներ երևացին կապույտ աչքերում: Ես ցնցված էի՝ վա՛հ, այսքան էլ կարոտ…»:

Բակունցի գտած վանական համալիրը

Զանգեզուրի գյուղատնտես աշխատելիս Բակունցը ոտքով և ձիով չափչփում է բոլոր լեռներն ու անտառները, ուսումնասիրում է ամեն ծառը, քարն ու թուփը։ Հենց նա է 1932 թ․ հայտնաբերում խիտ անտառում թաքնված Բղենո Նորավանք վանական համալիրն ու տեղը հայտնում հնագետ Սեդրակ Բարխուդարյանին։