Եթե մի չար հրաշքով գոլորշիանան աշխարհի բոլոր լճակները՝
Դուրյանի «Լճակով» կարելի է վերստեղծել դրանք։
Պարույր Սևակ
Պետրոս Դուրյանը արևմտահայ բանաստեղծ է, որն ապրել է ընդամենը 21 տարի։
Իր կյանքի ընթացքում Դուրյանը հայտնի է դարձել իբրև դրամատուրգ և այդպես էլ հստակ հետք կթողներ հայ գրականության մեջ, բայց նրա մահից հետո հայտնաբերվեցին նրա մի քանի տասնյակ չքնաղ բանաստեղծությունները, որոնցից մի քանիսը դարձան ոչ միայն հայ, այլև համաշխարհային պոեզիայի արժեքներ։
Դուրյանի բանաստեղծությունները պատկերում են նրա խոր ներաշխարհը, ծաղիկ հասակում մահանալու ցավն ու բողոքը Աստծուն, սերը կնոջ ու հայրենիքի հանդեպ։
Նրան անվանել են Սկյութարի սոխակ, «մեր քնարերգության Վահագնը» (վերջինը Պարույր Սևակի բնորոշումն է)՝ հուզիչ անկեղծության, ցավի ժայթքումների ու հավերժ երիտասարդության համար։
Դուրյանի լավագույն ստեղծագործություններն են՝
Թատերգություններից «Վարդ և Շուշան», «Անկումն Արշակունի հարստության» և այլն։
Բանաստեղծություններից՝ «Զնե պաշտեմ», «Սիրել», «Դրժել», «Իմ ցավը», «Լճակը»։
Խոհափիլիսոփայական գլուխգործոց է «Տրտունջքը»։
Դուրյանի ստեղծագործության մեջ անանց տխրություն կա՝ կապված իր ողբերգական ճակատագրի հետ։ Բայց նրա գեղարվեստը ոչ թե հուսահատության մասին է, այլ կյանքի ծարավի․
«Մի տխրիր, բարեկամ, ես տխուր զվարթ մըն եմ»,- այսպես է նա բնութագրել ինքն իրեն։