Ընդհանուր բնութագիր

Նար-Դոսը (Միքայել Տեր-Հովհաննիսյան) մեր արձակի լավագույն վարպետներից է։ Պարզ ու սահուն ոճով, հերոսների հոգեբանական խորքերը, ներքին բախումները բացահայտող գրող է Նար-Դոսը։ 

Նար-Դոսը հաճախ ընտրում է կյանքում ոչնչով աչքի չընկնող անհաջողակ, խեղճ ու կրակ հերոսների ու նրանց մտածելակերպի, արարքների և հոգեբանության միջոցով ցույց տալիս աղքատության մեջ ապրող մարդկանց ընդհանուր վիճակը։ 

Այդպիսին են «Մեր թաղը» պատմվածաշարի հերոսները։

«Նար-Դոսը մեր խոսքի լուրջ վարպետներից է և մեր գրականության հարատև փառքերից մեկն է»,- գրել է Ավետիք Իսահակյանը:

Ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում՝ պատկերելով այնտեղ ապրող մարդկանց կյանքի պայմանները, մտածողությունն ու հոգեբանությունը։

Նա կարողացել է ներթափանցել կնոջ հոգեբանության մեջ՝ կերտելով անմոռանալի կանանց կերպարներ, ինչպես «Աննա Սարոյան» և «Սպանված աղավնին» վիպակներում։ Այս վիպակների հերոսները Թիֆլիսի մտավորական խավն են ներկայացնում՝  ի տարբերություն «Մեր թաղի», որի հերոսները աղքատ արհեստավորներ են։

 

Նար-Դոսը ավելի է հղկել ու գեղեցկացրել մեր լեզուն, շատ խստապահանջ էր ինքն իր նկատմամբ։ «Նախադասության մեջ ամեն մի ավելորդ, անտեղի գործածված բառ կամ մակդիր նման է անտոմս ուղևորի, որին ամեն րոպե տոմս ստուգող վերահսկիչը կարող է օձիքից բռնել ու դուրս շպրտել»,- ասել է նա։

 

 

Նար-Դոսի ամենասիրված պատմվածքներից է «Ես և նա»-ն, որտեղ հակադրելով միանման իրավիճակում հայտնված երկու երիտասարդի՝ Նար-Դոսը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է անձնական ողբերգությունից մի դեպքում կործանվել, իսկ մյուս դեպքում՝ բարձրանալ ու հաջողությունների հասնել։

Ուշագրավ են նաև  «Պայքար»և «Մահը» վեպերը։