Մովսես Խորենացին ոսկեդարի (այդպես ենք անվանում 5-րդ դարը) հինգ պատմիչներից մեկն է, որին «քերթողահայր», «պատմահայր» պատվանուններն են տվել: Խորենացու «Հայոց պատմությունը» հայ պատմագրության գլուխգործոցն է:
Ինչո՞ւ է այն բացառիկ․
Մովսես Խորենացին առաջինն է, որը գրել է հայոց պատմություն` սկսած հայ ժողովրդի ծննդից մինչև իր ժամանակաշրջանի դեպքերը` 428թ.: Սա նշանակում է, որ դեռևս 5-րդ դարում Խորենացին մեզ տվել է ծննդյան վկայական՝ ցույց տալով, թե որտեղից ենք գալիս ու ովքեր ենք։
Խորենացին գիտնական պատմիչ էր։ Նա «Հայոց պատմությունը» գրելիս ընտրում, ստուգում, համեմատում էր բոլոր փաստերը այլ սկզբնաղբյուրներով: Նա օգտագործել է 40-ից ավելի աղբյուրներ, դրանց մեծ մասը հիշատակել անուններով (Մար-Աբաս Կատինայի «Պատմությունը», Աստվածաշունչը, Ագաթանգեղոսի երկը և այլն)։ Նաև արտահայտում է իր կարծիքը, դրական կամ մերժողական վերաբերմունքը, կարևորում պատմության ճշմարտացիությունը։
Խորենացին հավաքած նյութը համակարգել ու ներկայացրել է ժամանակագրական կարգով` հստակ գիտակցելով, որ «չկա ստույգ պատմություն առանց ժամանակագրության»:
Խորենացին մոռացումից փրկել ու մեզ է ավանդել հայ հին բանահյուսական հնագույն գոհարները՝ «Հայկ և Բել», «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Արտաշես և Սաթենիկ», «Արտաշես և Արտավազդ», «Տիգրան և Աժդահակ» և այլն։
Խորենացու «Հայոց պատմության» որոշ դրվագներ գրական-գեղարվեստական մեծ արժեք են ներկայացնում՝ «Ողբը», Ձիրավի ճակատամարտի, Երվանդակերտ քաղաքի նկարագրությունները և այլն։
Եթե մեր մյուս պատմիչները դրական լույսի ներքո են ներկայացրել միայն քրիստոնյա գործիչներին, Խորենացու համար էական չէ ազգային հերոսը քրիստոնյա՞ է, թե՞ հեթանոս, կարևորը պետական մտածողությունն է, երկրի հզորացումը։ Այդ սկզբունքով է ընտրում նա իր երեք ամենասիրելի հերոսներին՝ ՀԱՅԿԻՆ, ԱՐԱՄԻՆ, ՏԻԳՐԱՆԻՆ։
«Մովսես Խորենացին բազմագիտակ է .... Նա հին աշխարհի ամենանշանավոր հեղինակներից էր... Նա բարձր է կանգնած իր դարաշրջանի մտածողությունից և հայրենի պատմագիտությունը հսկայական քայլերով առաջ է մղել»:
Վիկտոր Լանգլուա, ֆրանսիացի արևելագետ
Խորենացուն նվիրված բաժնի գրական խորհրդատու՝ բանասիրական գիտությունների դոկտոր, դոցենտ Եվա Մնացականյան
© 2022 Հենք: Բոլոր իրավունքները պաշտպանված են: