Կառապանի վարձը
Շիրվանզադեն ըմբոստ ու հպարտ էր։ Հաճախ տուժում էր այդ հատկությունների պատճառով։ 17 տարեկանից մեկնել էր Բաքու՝ աշխատելու և ընտանիքին օգնելու, բայց նրա գործերը այնքան էլ լավ չէին, որովհետև հպարտության պատճառով մի քանի անգամ աշխատանքը կորցնում է։ Ահա այդպիսի մի օր, երբ ազատել էին աշխատանքից ու մորաքրոջն էլ այդ մասին չէր ասել, Շամախիից Բաքու են գալիս մայրն ու քույրը։ Շիրվանզադեի գրպանում մի քանի կոպեկ էր, իսկ կառապանին պետք էր 17 ռուբլի վճարել։ Ի՞նչ անել։ Կառապանը երեք օր ճանապարհ էր կտրել, և համբերությունը սպառվում էր։ «Դու ամոթ չունես», - լսում է Շիրվանզադեն իր հասցեին, ու այդ խոսքերը ծակում են նրա սիրտը։ Նա յոթ անգամ անցնում է մեծ մորաքրոջ որդիների խանութի մոտով։ Նրանց հետ ջերմ հարաբերություններ չուներ, բայց միակ ելքը նրանց դիմելն էր։ Մտնում է ներս ու խնդրում կառապանի գումարը, նրանցից մեկը անբարյացակամորեն տալիս է գումարը։ Շիրվանզադեն գումարը փոխանցում է կառապանին ու առանձնանալով ազատություն տալիս արցունքներին։ Բայց երբ տուն է գնում ու նայում քնած մոր ու քրոջ ժպտուն դեմքերին, մի քիչ խաղաղվում է, որովհետև «Իմ ստորացումը նրանց համար էր․․․», - գրում է Շիրվանզադեն։
Ըստ Շիրվանզադեի հուշերի