Իր մասին

Հովհաննես Թումանյանի մասին գնահատանքի խոսքեր շատ են ասվել։ Դրանցից առանձնացնենք այս հայտնի և նրան բնորոշող տողերը․

 

Ես կարդում եմ նրան ու ասում, - Այս հմուտ հանճարեղ լոռեցին

Հոմերի, Գյոթեի հետ մի օր հավասար նստել է քեֆի,

Եվ թաս է բռնել նրանց հետ,մեծարանք տվել ու առել,

Ինչպես իր պապերն են արել իրար հետ խնջույքի նստելիս․․․

 

 

 

Քննարկում

Հոմերոսի ու Գյոթեի ապրած ժամանակաշրջանները քեզ հայտնի՞ են։ Ինչ նպատակով է տարբեր ժամանակաշրջաններում ապրած այս մարդկանց Չարենցը միմյանց հետ «սեղան նստեցնում»։

Կա Մեծարենց, կա Տերյան, - եվ բազում ուրիշ պոետներ կան,

Բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության։

 

  •  Եղիշե Չարենցը սկզբնական շրջանում,  գրականության մոդայիկ հոսանքներով տարված, հին էր որակում Թումանյանի ստեղծագործությունները։ «Լոռեցի Հովհաննեսը», «Գյումրեցի Ավոն» (Ավետիք Իսահակյանը) և «ախալքալաքցի Վահանը» (Վահան Տերյանը) - այսպես էր բնորոշում մեր մեծ գրողներին։ Սակայն տարիներ անց նա վերարժևորում է Թումանյանի դերն ու նրա ստեղծագործությունները՝  հաստատելով դրանց հավերժական լինելը։

                     ***

Նա մեծ էր հողով, արյունով

Արմատներ ուներ նա հողում․․․․

Նա մեծ էր ավելի, քան եղավ։ Երկնքի նման ընդարձակ,

Օվկիանի նման՝ իր ոգին ընդգրկել էր կյանքը անեզր։

Եվ ոգու ափերին նստած՝ նա նայում էր հայացքով պայծառ

Եվ որսում էր երգեր ու խոհեր, և տեսնում էր չքնա՜ղ երազներ․․․

 

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

 

  • Ինչպես հասկանանք «նա մեծ էր ավելի, քան եղավ» տողի ասելիքը։

Գուցե այստեղ Չարենցը նկատի ունի այն, որ Թումանյանը իր մտահղացումների միայն մի մասը հասցրեց թղթին հանձնել։ Կարելի է հասկանալ նաև այն, որ Թումանյանը ամբողջությամբ դեռ  չի բացահայտվել ու հասկացվել։ Հենց ինքը՝ Թումանյանը, ժամանակին գրել է․ «Ես գիտեմ, մի օր, իհարկե ոչ շուտ, իմ կյանքը մեծ հետաքրքրություն ու աղմուկ է հանելու, շատ բան է պարզվելու, տեսնելու են բոլորովին ուրիշ բան․․․ Գրվածքներս դեռ լավ չեն կարդացել, տեսել․․․․»

 

Հազար ութ հարյուր վաթսունինը թվին

Հայոց այգիներն ինչ պտուղ թվին․

Հայոց սարերում ինչ բերք էր հասել,-

 Դժվար է ասել։

Սակայն այդ թվին Մայր Հայաստանի 

Արգանդը եղավ սրբորեն բեղուն։

Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում․․․ 

 

Եվ որքան տրտում, նույնքան կենսագին՝

Տարիներ հետո նա պիտի դառնա

Մի ժողովրդի ազնիվ կենսագիր․․․․

 

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ «ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ»

«Մեր թռիչքը Թումանյանի արվեստի գոհարակերտ բարձունքից այն կողմ չի անցել»։

 

ԱՎ․ ԻՍԱՀԱԿՅԱՆ

 

Թումանյանի պալատում
Ով քեֆի չի նստել,
Նա չի տեսել դեռ խնդում,
Աշխարհ չի տեսել։

Թումանյանի պալատում
Կըգտնես, ո՜վ մարդ,
Անուշ, Արփի-արբեցում,
Եվ վարդ, և Նվարդ…

 

          ***

 (Անուշ, Նվարդ, Արփի- Թումանյանի դուստրերն են)

 

Թումանյանի երգերում 

Կա  և՛ «էս» և՛ «էն»,

Բայց իզուր ես դու սրում

 Ատամներդ, քե՛ն:

Թումանյանի երգերում 

Կա  և՛ «էս» և՛ «էն»,

Բայց կա  և սիրտ դեգերուն,

Հոգի հրակեզ:

Խելքի՛ եկ, ով նենգամիտ,

Այնտեղ փնտրիր միշտ 

Հայրենի խինդ ու ժպիտ

և հայրենի վիշտ:

Այո՛, «էս»-ին և «էն»-ին: 

Ես էլ եմ մերժում․

Ջոկիր քաջին ու հենին*,

Ով լուսնահաչ շուն։

 

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

Այս բանաստեղծությունը Թումանյանը գրել է ի պաշտպանություն մեծ բանաստեղծի, որին մամուլում քննադատում էին բարբառային, խոսակցական բառաձևեր (էս, էն․․․) օգտագործելու համար։

*«հեն» նշանակում է  ավազակ , օր՝․ ծովահեն